Շնորհավորում եմ բոլորիդ. այսօր ընտրարշավն ավարտվում է, վաղը կլռենք ազգովին (ինչո՞ւ է ընդունված, որ մարդիկ մտածում են լռության մեջ), կիրակի կգնանք ընտրության: Այլևս ձեր ականջները չեն սղոցի, խղճին չեն դիմի, մտքին չեն ապավինի նրանք, որ իրենց համարում են ունակ ձեր ճակատագիրը տնօրինել: Նաև՝ արժանի: Ձեզ չեն խաբի, չեն կաշառի, չեն պարտադրի քայլեր, որոնց համաձայն չեք, բայց համաձայնում եք՝ ապրել է պետք: Դուք ազատ եք պատրանքից, թե նրանց կախարդական փայտիկ է տրված, հրաշագործ են, բարի, գեղեցիկ, առաքինի, ձեզ ընկեր ու բարեկամ, բայց հրաշքների համար ձեր ձայնն է պետք: Հրաշքների ժամանակն ավարտվեց, սկսվում է real politik-ը: Ի՞նչ էին ցանկանում ու ի՞նչ ապացուցեցին ընտրվողները ընտրողներին:
1. 2017-ի ԱԺ ընտրություններն ունեն նախագահականի կարգավիճակ, դա իր կնիքն էր դրել քաղաքական ուժերի ռազմավարության ու մարտավարության վրա: Որոշ ուժեր այդպես էլ չբացեցին հիմնական խաղաքարտերը, բայց արեցին քայլեր, որ անակնկալ զարգացումների կարող են հանգեցնել մեկ տարի հետո:
2. 2017-ի ԱԺ ընտրություններով քաղաքական ուժերի դասավորությունը չի որոշարկվում: 2018-ի ապրիլին Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման: Մեկ տարի անց կառավարություն փոխելու հանգամանքը անցնող տարին պահելու է բրոունյան քաղաքական շարժման մեջ օբյեկտիվորեն:
3. Ոչ բոլոր կուսակցություններն էին ընտրություններին լավագույնս պատրաստ, մեկնարկային հնարավորությունները տարբեր էին, իսկ դա վկայում է, որ բազմակուսակցական համակարգը երկար ճանապարհ ունի մինչև իրական կայացում: Խնդիրը օրենսդրության մեջ չէ, պատճառը իշխանություն-ընդդիմություն դասական համակարգի ընկալման հայկական յուրահատկություններն են՝ երբ քաղաքական ուժերը միմյանց դիտարկում են ոչ թե մրցակից, այլ թշնամի, երբ պայքարը ոչ թե գաղափարների ու ծրագրերի միջև է, այլ անձանց փոխհարաբերությունների:
4. Նախընտրական շրջանը ուղեկցվեց սկանդալներով, որ բնորոշ է բոլոր երկրների ընտրություններին, Հայաստանի սկանդալներն ապացուցում են քրեաքաղաքական սերտաճումը՝ ոչինչ չի փոխվելու, եթե համակարգ չփոխվեց:
5. Կուսակցությունների ու դաշինքների որոշ ծրագրեր լավագույն իղձերի ու մտադրությունների ժողովածու էին: Պոպուլիզմի ժանգը ստիպում էր բազմապատկել աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները, ոչնչից ստեղծում էր աշխատատեղեր, արտագաղթը վերածում էր ներգաղթի, վերագործարկում էր արդյունաբերությունն ու Հայաստանը մեկ ժամում դարձնում երկիր, որտեղ ամեն ինչ ձրի է, կաթի ու մեղրի գետեր են հոսում, ոսկին ջրի գին ունի, ջուրը գին չունի:
6. Ընտրակաշառքը մնաց առանցք, ընտրողները համաձայն են մեկ օրով վարձու աշխատանք կատարել, թեկուզ դա քրեորեն պատժելի ու անպատվաբեր է:
7. Քաղաքական ուժերը շատ հաճախ ընտրողների հետ հանդիպումներում երկխոսության փոխարեն երկու խուլի խոսակցության մեջ էին, նրանց մեծ մասը չցանկացավ միմյանց հրապարակավ հանդիպել ու հեռուստաբանավեճերից հրաժարվեց, մինչդեռ դա քաղաքական մշակույթի կարևորագույն բաղադրիչ է:
Քարոզարշավի քարտեզը ընդգրկեց ամբողջ Հայաստանը, թերևս եզակի բնակավայրեր մնացին, որտեղ պատգամավորի ոչ մի թեկնածու չի եղել, մայրաքաղաքը նույնիսկ անտեսված էր, բայց մեկ ամսից այդ բացը կլրացվի՝ Երևանը ևս մեկ ընտրություն ունի:
Հիմա՝ հականե-հանվանե:
1. Առաջին քվեաթերթիկը «Ելք» դաշինքինն է: «Ելքն» ապացուցեց, որ արգելակներ չունի».՝ սոցցանցերում դիպուկ գրառումը հայտնվեց, երբ «Ելքի» ղեկավարները երկու անգամ վթարվեցին, իսկ ընդհանրապես «Ելքը» նաև ապացուցեց, որ ամենաշարժուն, ներդաշնակ ու արդյունավետ ընտրարշավն իրենն էր՝ ԱԺ-ում երրորդ ուժը դառնալու համար, ինչպես սոցհարցումներն են վկայում, իսկ իրենք գնում են հաղթելու՝ իրենց հայտարարություններով:
«Ելքը» կազմավորման օրից քաղաքական մշակույթ բերեց նոր խոսք, ամբողջ ընտրարշավն անցավ առանց սկանդալների ու պոպուլիստական շեղումների: Ճիշտ է՝ տանիքների վրա էլ եղան, բայց Ընտրական օրենսգիրք չխախտեցին ու իրենց ծրագրում չնշեցին մի կետ, որ անհնար է կատարել: Հիմա բոլորը գիտեն, որ «Ելք կա»:
2. «Ազատ դեմոկրատներն» ընտրարշավի մեխը դարձրին, որ միայն իրենք են դեմ ԵԱՏՄ-ին, ու իրենց հաղթանակի դեպքում Հայաստանը ԵՄ-ին կանդամակցի: Նրանք նաև վարչապետի թեկնածուի անուն հրապարակեցին՝ Հրանտ Բագրատյան, որ համարում էին կարևոր տարբերություն մյուսներից, իսկ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց բազմաէջ տնտեսական ծրագիր: «Մենք կարող ենք»՝ խրոխտ ասում են նրանք, բայց կկարողանա՞ն:
3. ՀՎԿ, ավելի ճիշտ՝ Արթուր Բաղդասարյան: ՈՒ մենք նորից իմացանք՝ ով է վերադարձրել ավանդները, ով է փրկել մանկապարտեզները, ով է սոցիալական հարցերը լուծում, ով է փրկելու բոլորիս: ՀՎԿ-ի ամբողջ ընտրարշավը՝ «Հանուն փոփոխության ու վերածննդի» նոր ոչինչ չբերեց իր իսկ նախորդ ընտրարշավներին: Արթուր Բաղդասարյանը պատրաստ է հաղթելու ու դաշինքների: Ինչպես միշտ:
4. «Հավատա, վստահիր, պահանջիր»՝ «Ծառուկյան» դաշինք: Սոցհարցումներով՝ դաշինքն իր տոկոսները վերջում պակասեցրեց, որ անտրամաբանական է: Գագիկ Ծառուկյանը շրջեց Հայաստանով՝ պատմելու, թե որքան ազնիվ, հարուստ, բարի, պաշտոն չուզող մարդ է պարոն Ծառուկյանը, որ Հարվարդ չի ավարտել: Մարզահամերգային համալիրում եզրափակիչ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը նետեց գլխավոր խաղաքարտը՝ ընկերները ինքնաթիռ են նստելու ու 15 միլիարդ դոլար են բերելու, եթե ինքը հաղթի: Փաստորեն՝ անհայտ ընկերները գնահատել են նրա, «երկրի ու ժողովրդի պատիվը» 15 միլիարդ դոլար: Ինչո՞ւ այդքան ազգասեր, ազնիվ, բարի ու անշահախնդիր մարդու ընկերներն այդքան անազնիվ ու շահախնդիր են, որ պատրաստ են իրենց փողերը նրան տալ միայն հաղթելու դեպքում, ո՞ւր մնաց հայրենասիրությունը: Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը հրապարակային ընտրակաշառք էր բոլոր ընտրողներին միասին վերցրած ու մարտահրավեր էր ՀՀԿ-ին: Նա ընդունեց վարչապետի խաղադրույքը ու եռապատկեց՝ կազինոների տիրոջ փորձը մի տեղ պիտի՞ պետք գար: Դաշինքի ընտրարշավին բնորոշ մի նրբերանգ՝ ԲՀԿ ներկա նախագահը այդպես էլ չքննադատեց Սերժ Սարգսյանին, միայն հայտարարեց՝ մենք հաղթելու ենք, չմերժեց հետընտրական որևէ դաշինքի գաղափար, ԲՀԿ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը, որ առանձին ընտրարշավ էր վարում, անխնա էր բոլորի նկատմամբ ու բացառում էր դաշինքը ՀՀԿ-ի հետ: Կհաղթի՞ ԲՀԿ-ն, թե՞ նորից երկրորդը կլինի: Բոլոր դեպքերում Գագիկ Ծառուկյանը Ազատության հրապարակ չի գնա: Նա ունի ուրիշ առաքելություն, որ ի հայտ է գալու մեկ տարի անց:
5. ՀԱԿ-ՀԺԿ կամ Լևոն Տեր-Պետրոսյան, որ ընտրարշավին ներկա էր միայն երկու հեռուստաեթերից, թեման՝ Ղարաբաղի հարցը: Առաջին նախագահը կրկնում է իր անցյալ դարի թեզերը, որոնց ավելացրել է ներկա սպառնալիքներ՝ եթե հայկական կողմը չհամաձայնի համանախագահների առաջարկներին, միջազգային ատյանները կպարտադրեն լուծումը: Հիմքերը՝ Դեյտոնը, Կոսովոն: Միանշանակ՝ խաղաղությունը բարձրագույն արժեք է ու չի վիճարկվում, բայց պատերազմը սկսում են, երբ ցանկանում են, ավարտում են՝ երբ կարողանում են: Նրա սարսափազդու փաստարկը չի գործել քառորդ դար ու չի գործի պարզ պատճառով՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ, համանախագահ երկրները ունեն տարբեր շահեր տարածաշրջանում ու ընկալումներ նաև այս հարցում, թեպետ հրապարակավ միասնական են Մինսկի խմբում: Համանախագահների վերջին այցը Հայաստան ու Արցախ հենց դա վկայեց: Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատում է բոլորին, բայց չի պատասխանում գլխավոր հարցին. եթե ինքը ճիշտ է ու համաձայն է նաև բանակցող Սերժ Սարգսյանի հետ, նա էլ պատրաստ էր համաձայնագիր ստորագրել, ինչո՞ւ ոչինչ չի փոխվում: ՈՒրեմն կա արգելակ, որ չի հաղթահարում ռացիոնալ Ալիևը, որին դեմ է Արցախը, և Մոսկվայում չեն հարցի լուծման բանալիները: Գործնականում դաշինքը ձախողեց ընտրարշավը:
6. ՀՀԿ-ն՝ նոր ոգով ու Կարեն Կարապետյանով: «Իրազեկ քաղաքացիների» սկանդալը ապացուցեց՝ չկա նոր ոգի, հին-նոր ՀՀԿ չկա, ՀՀԿ-ն նույնն է ու մնալու է նույնը: Կարեն Կարապետյանը՝ հմայիչ ու խզված ձայնով, պտտվեց երկիրը, արժանացավ սիրո խոստովանությունների, իսկ վերջում ակումբ բացեց՝ Սամվել Կարապետյանի հետ, որ 3,2 միլիարդ դոլարի ներդրում խոստացավ՝ կոնկրետ ծրագրերի համար: Որ նրանք կոնկրետ տղերք են, վկայեց Հրազդան ՋԷԿ ԲԲԸ-ի 100 % բաժնետոմսերի վաճառքը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: Սերժ Սարգսյանը միայն Արցախից «Իսկանդերով» մասնակցեց ընտրարշավին՝ հաստատելու, որ անվտանգությունն է առաջընթացի հիմքը: ՀՀԿ-ն վարչական ամբողջ ռեսուրսը գործարկել է՝ հանուն 50+1 % և պայքարելու է մինչև վերջին քվեն, բայց մեծ հարց է, թե որ ՀՀԿ-ն է հաղթելու: Եվ պե՞տք է Սերժ Սարգսյանին այն ՀՀԿ-ի հաղթանակը, որին ընտրությունների տարավ Կարեն Կարապետյանը:
7. ՀԿԿ-ն պատահաբար հայտնվածի տպավորություն էր թողնում ու այդպես էլ մնաց ամբողջ ընտրարշավում, գուցե պատահական ձայներ էլ ստանա նոստալժիի ալիքով:
8. Ընտրարշավի ամենասկանդալային դաշինքը ի սկզբանե ու հավարտ ՕՐՕ-ն էր:
Նախ՝ կազմվելու պատմությունը, հետո՝ Սամվել Բաբայանի ձերբակալությունը: Ելույթներում նրանք քարը քարի վրա չէին թողնում, իրենց համարում էին միակ ընդդիմադիրը, իշխանափոխության գնացողը, պարբերաբար դաշինքներ էին առաջարկում: Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում, նրանք նրա ձերբակալությունը հայտարարում են քաղաքական հալածանք իրենց նկատմամբ, թեպետ մինչև ձերբակալությունն ասում էին, որ իրենց հետ կապ չունի: Ռոբերտ Քոչարյանի ստվերը մնաց նրանց հետ, իսկ վերջին օրերին ավելացան «Սասնա ծռերը» ու ՀԽ-ն, որ կոչում են բոյկոտի, բայց հոգով ՕՐՕ-ի հետ են: Նրանք ասում են, որ պատրաստ են հետընտրական գործընթացների, բայց հազիվ թե գնան: Կամ կգնան, եթե Սեյրան Օհանյանը վստահ լինի, որ իրեն, միևնույն է, ձերբակալելու են: Ժառանգությունը վարի տվին, համախմբումը չստացվեց, հաղթանակը՝ նույնը:
9. ՀՅԴ՝ իր «Նոր սկիզբ, արդար Հայաստանով» բացահայտ կաշկանդված էր ՀՀԿ-ի հետ կոալիցիայով՝ ոչ կարողանում էր քննադատել, ոչ խոստանալ, պաշտպանվում էր ու իր բազմամյա անցյալով հպարտանում: Տխուր, անգույն ու ոչ տպավորիչ էր նրանց այս ընտրարշավը, թեպետ ասում էին, որ հաղթելու են:
Ինքներդ դատեք՝ ո՞ւմ եք ընտրելու: Քվեարկելիս հիշեք ձեր պատմական փորձը, պատրանքի ու իրականի տարբերությունը, Եռաբլուրը, Արցախը, նրան, ում սիրում եք, ում համար պատասխանատու եք, հիշեք, որ սիրո մեջ հաշվարկ չկա, իսկ հաշվարկի մեջ շահողներ ու տանուլ տվողներ կան: Որ փողը ոչ մի գրպանում երկար չի մնում, եթե հայրենիք չունի: Հիշեք՝ փակուղիներ չկան, կան ելքը գտնողներ ու չգտնողներ: Հավելեմ, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանությունները նախօրեին հայտարարել էին` «Մենք տեղյակ ենք և մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի ու որոշ մրցակցող ուժերի օգնելու նպատակով վարչական ռեսուրսի համակարգային կիրառման պնդումները: Մենք շարունակում ենք հորդորել ընտրություններին մասնակից բոլոր կողմերին հավատարիմ լինել Հայաստանի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն և կոչ ենք անում իրավապահ կառույցներին ու ընտրական կառույցներին անկողմնակալ ու համոզիչ իրականացնել գործող օրենքները: Հուսով ենք, որ ընտրությունների անմիջական արդյունքները ճանապարհ կհարթեն դեպի բարեկեցություն, խաղաղություն և առաջընթաց: Հայաստանի ժողովուրդն արժանի է դրան»: Այդ ժողովուրդը դուք եք, դուք եք պատասխանատուն ու տերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ապրիլի 2-ին Հ.Գ.-ն դուք եք գրելու: